Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գտնվելու երեք տարիներին որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, արտաքին քաղաքականության մեջ ակնհայտ հետընթաց է գրանցվել: «Իսկ տնտեսական քաղաքականության մեջ, անկախ նրանից` այդ հետընթացը օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ է ունեցել, պետության ղեկավարը պետք է իր կառավարության հետ վերջնագրերի եւ հրամանների լեզվով խոսի: Հնարավոր է` նա պետք է այդպես վարվեր դեռ երեք տարի առաջ, եւ արդյունքները բոլորովին այլ կլինեին»,- նկատել է Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ նման թիմով Հայաստանի իշխանությունները չեն կարող հաջողությունների հասնել:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` Հովհաննիսյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու Սերժ Սարգսյանը հետ չի կանչում իր ստորագրությունը` տեսնելով Անկարայի ապակառուցողական դիրքորոշումը: «Վախենամ, պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները դեռ մտածում են արձանագրությունների վավերացման մասին»,- ասել է նա: