Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի գնա զիջումների այն աստիճան, որ նշանակի արտահերթ նախագահական ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 11-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` խոսելով մարտի 17-ից սկսված ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին: Նա նշեց, որ իր գոյության գրեթե ողջ ընթացքում ՀԱԿ-ը պարբերաբար պահանջում էր արտահերթ ե’ւ նախագահական, ե’ւ խորհրդարանական ընտրություններ, սակայն այժմ իջեցրել է իր նշաձողը եւ համաձայնել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը  ինչ-որ մանիպուլյացիաների շնորհիվ ուզում է ցույց տալ, որ իշխանություններն իր ճնշման տակ գնում են զիջումների: Սակայն դա փոխշահավետ գործարք է երկու կողմերի համար էլ»,-հայտարարեց Հակոբյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ առաջնորդը զգաց, որ իրեն համակրողների շրջանակը թույլ չի տալիս, որպեսզի անարյուն հեղափոխություն իրականացվի եւ պահանջում է օր առաջ հասնել իշխանափոխության: Համակիրների այս պահանջին ընդառաջ գնալը, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, կբերեր նոր մարտի 1-ի եւ որպեսզի Տեր-Պետրոսյանը դուրս գար այս փակուղուց, որոշեց գնալ իշխանության հետ երկխոսության:  

«Կարծում եմ, որ ինքը, լինելով պրոֆեսիոնալ գործիչ, հասկացել է, որ այն նշաձողը, որն ինքը դրել էր, մեղմ ասած ազնիվ չէր: Ես համոզված եմ, որ նույնիսկ ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչները դեռեւս տեղյակ չեն, թե Տեր-Պետրոսյանն ինչ է ուզում անել, բայց նա փակուղուց դուրս գալու այս տարբերակն է ընտրել»,-նշեց Հակոբյանը:

NEWS.am-ի հարցին, թե իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է 2013 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն  Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ, Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` կա՞,  թե՞ ոչ: Բայց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը շատ ճիշտ ձեւակերպում արեց, որ ինչքան շուտ հրաժավեն «Լեւոն նախագահ» կարգախոսից, այնքան ավելի առողջ զարգացումներ կլինեն ներքաղաքական կյանքում»: