Վերջին օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների շուրթերից ավելի շատ են սկսել հայտարարություններ հնչել, թե ապագա խորհրդարանում «գործարար հատվածն» ավելի քիչ է ներկայացված լինելու:

Այդ կապակցությամբ մենք փորձեցինք պարզել հանրապետական գործարար պատգամավորների կարծիքը, իմանալ, թե ի՞նչ են մտածում կուսակցության այդ որոշման մասին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, ով կոմբիկերի կոմբինատ ունի, առաջին անգամ մեզնից լսեց ՀՀԿ-ի նման որոշման մասին: «Ես դրա մասին չեմ լսել, դուք առաջինն ինձ այդ մասին ասացիք»,- անկեղծորեն զարմացավ նա: Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք իր թեկնածությունն առաջադրել 2012թ. ընտրություններին, Գեւորգյանը պատասխանեց. «Եթե Ձեզ շատ է հետաքրքրում, ես դեռ չեմ որոշել»:

Հարցին, թե ինչի՞ց է կախված լինելու որոշումը, կուսակցության դիրքորոշումի՞ց, թե՞ սեփական ցանկությունից, նա պատասխանել է. «Եւ մեկից, եւ մյուսից»:

Մեկ այլ հանրապետական պատգամավոր, Հրանտ Գրիգորյանը, պատասխանելով նույն հարցին, ասաց. «Ես զինվորական եմ, ինչ կորոշի կուսակցությունը, այդպես էլ կվարվեմ»: Ընդ որում, նա անկեղծորեն հավաստիացրեց, թե տեղյակ չէ հարազատ կուսակցության որոշումներից:

Ի դեպ, նա հրաժարվեց պատասխանել իր եւ հորեղբոր` ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ լարված հարաբերությունների մասին հարցին: