Իսրայելը եւ Ադրբեջանը 2007 թվականին անվտանգության ոլորտին վերաբերող երկու գաղտնի համաձայնագիր են ստորագրել: Այդ մասին վկայում է դիվանագիտական հեռագիրը, որը կհրապարակի Wikileaks-ը:
Հեռագրում ասվում է, որ 2007թ փետրվարի 16-ին, Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էն Դերսեին:
Լենկը պատմել է Իսրայելի ԱԳ նախարար Ցիպի Լիվնիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների մանրամասները` Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Լենքը Դերսեին հայտնել է, որ Իսրայելն ու Ադրբեջանը երկու գաղտնի համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում, սակայն դրանց բովանդակության մասին ոչինչ չի ասել:
Արթուր Լենկը նաեւ պատմել է, որ նախագահ Իլհամ Ալիեւի անձնական խորհրդականը, գտնվելով Իսրայելում, հանդիպել է պաշտպանության փոխնախարար Եֆրաիմ Շեհի եւ «Մոսադի» ներկայացուցիչների հետ:
Հարկ է նշել, որ Իսրայելը շատ թանկ է գնահատում Ադրբեջանի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, քանի որ այն զբաղեցնում է կարեւոր ռազմավարական դիրքը եւ ունի նավթի մեծ պաշարներ, գրել է MIGnews-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ամերիկյան մեկ այլ գաղտնի դիվանագիտական հեռագրում հաղորդվել էր, որ Իսրայելը անհանգստացած է Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ: Հարեւանների հետ Իսրայելի հարաբերությունների վերաբերյալ դիվանագիտական հեռագրում նշված է. «Իսրայելի՝ հարեւանների հետ մանրակրկիտ կերպով կառուցված հարաբերությունները սպառում են իրենց։ Անգամ լավատեսները խոստովանում են, որ Իսրայելը խաղաղ հարաբերությունների մեջ է Եգիպտոսի եւ Հորդանանի վարչակազմերի, բայց ոչ՝ ժողովուրդների հետ։ Այն, որ Միշել Աունը դարձել է «Հըզբոլլահի» լիբիացի կարեւորագույն դաշնակիցը, կարող է լինել Լիբանանի քրիստոնյաների հետ տասնամյակների հարաբերությունների վերջը։ Վերջապես, իսրայելցիներն անհանգստացած են Թուրքիայի արտաքին քաղաքականությամբ եւ կարծում են, որ Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիային ԵՄ անդամակցությունը մերժելու համար պատժում են Իսրայելին»:





























