Հայաստանի արդարադատության նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները միտված են համապատասխան վարչությունների եւ գերատեսչությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով իր նախաձեռնած բուռն բարեփոխումները:

Նա ընդգծել է, թե առաջիկայում հանրությունը ականատես կդառնա ավելի լայնածավալ բարեփոխումների` նույնպես միտված արդյունավետության բարձրացմանը:

Նախարարը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել նոտարական ոլորտին: «Այն, որ այդ ոլորտը կոռումպացված է համարվում, որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Եւ մենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնելու` խնդիրների լուծման համար»,- հավաստիացրել է նախարարը:

Նախարարը բարեփոխումների համատեքստում չի բացառել կադրային կրճատումների հնարավորությունը` ընդգծելով, թե չի վախենում իր արմատական քայլերի նկատմամբ հնարավոր բացասական արձագանքից: «Ես երբեք չեմ վախեցել կտրուկ քայլերից, եթե դրանց հետեւանքները դրական են լինելու»,- ամփոփեց նախարարը: