Իսրայելը վաղուց հրաժարվել է Իրանը ռմբակոծելու մտքից: Այս մասին է վկայում WikiLeaks-ի հրապարակած դիվանագիտական գրագրությունը` թվագրված 2005թ դեկտեմբերից - 2006 թ հունվար:
Հեռագրերից մեկը պատմում է ԱՄՆ կոնգրեսական Հարի Աքերմանի եւ Իսրայելի Ատոմային էներգետիկայի հանձնաժողովի պետի տեղակալ Արիել Լեվիտի հանդիպման արդյունքների մասին: Լեվիտն ասել է, որ Իսրայելի ղեկավարությունը Իրանի դեմ ռազմական գործողություններն անհնարին է համարում, գրել է Haaretz-ը:
Լեվիտի խոսքով`Իրանն, ամենայն հավանականությամբ, հաշվի է առել1981թ Իսրայելի կողմից Իրաքի միջուկային «Osirak» ռեակտորը ռմբակոծելու փորձը, ուստի իր միջուկային օբյեկտները ցրել է երկրով մեկ, որոնց մի մասի գոյության մասին Իսրայելի ընդհանրապես կարող է չիմանալ:
Լեվիտը կանխատեսել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել երկու երեք տարվա ընթացքում, բայց նաեւ նշել է, որ Իսրայելը չունի ճշգրիտ տեղեկություններ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի մասին:
Իսրայելը Իրանի ավանդական թշնամին է: Թեհրանը չի ճանաչում Իսրայելի գոյությունը` անվանելով նրան «սիոնիստական կազմավորում»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մի քանի օր առաջ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգադոր Լիբերմանն ասել էր, որ Արեւմուտքն Իրանի հետ հարաբերություններում պետք է օգտագործի նույն սկզբունքներն ու մեթոդները, ինչ որ Լիբիայի դեպքում:
Լիբերմանի խոսքով` Իրանն ավելի լուրջ սպառնալիք է խաղաղության համար, քան` Տրիպոլին:





























