Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չեղյալ է համարել իր իսկ որոշումը, որով թույլ է տվել Գյումրիի Արագած ճեմափողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առեւտրի եւ սպասարկման օբյեկտի կառուցել:
Այս առնչությամբ, հաղորդագրություն է տարածել «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն, որում, մասնավորապես, ասվում է.
«Դեռեւս 2010թ. մայիսի 15-ին Գյումրիի Արագած ճեմափողոցում` երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում, փորվել էր մի մեծ փոս, որն ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի արվել էր ժամանակավոր շինություն կառուցելու համար:
Այնուհետեւ, տեղի հասարակական կազմակերպությունները հարցումների միջոցով պարզել էին, որ Գյումրիի Արագած փողոցի տվյալ հատվածում 99 տարի վարձակալության ժամկետով, 300 քմ մակերեսով տարածք է հատկացվել Գյումրիի մի քաղաքացու` կառուցապատման թույլտվությամբ: Եվ դա այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի եւ Գյումրիի պատմական կենտրոնի գոտիավորման նախագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք եւ այդտեղ արգելված է կապիտալ շինարարություն իրականացնել:
Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք ՀԿ-ների եւ մտավորականների կողմից, ապօրինի հողհատկացման այդ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով բազմաթիվ դիմում-բողոքներ են հղվել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանին, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Այսօր Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ. Պետրոսյանին ուղարկած պատասխան գրությամբ հայտնել է, որ Գյումրիի քաղաքապետի 2011 թ. մարտի 25-ի N 1065-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Գյումրիի Արագած փողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առեւտրի եւ սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով քաղաքացի Արտյոմ Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 26-ի, N 300-Ա որոշումը:
Ավելացնենք, որ ներկայումս ՀԿ-ները պատրաստվում են եւս մեկ դիմում - նամակ հղել Գյումրիի քաղաքապետարան` ապօրինի շինարարության հետքերը վերացնելու եւ տարածքը կանաչապատելու առաջարկությամբ»:





























