Wikileaks-ն այն աղբյուրը չէ, որի հիման վրա կարելի է երաշխավորված քննարկել այս կամ այն համաձայնագիրը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով Wikileaks-ի հերթական հրապարակումը, թե Իսրայելն ու Ադրբեջանը անվտանգության ոլորտում գաղտնի համաձայնագիր են ստորագրել: Սատանովսկին Մերձավոր Արեւելքի ինստիտուտի նախագահն է, իսկ 2001-2004թ.թ. զբաղեցրել է Ռուսական հրեական կոնգրեսի նախագահի պաշտոնը:
Նա նկատել է, որ գաղտնի համաձայնագիրը գաղտնի է այնքանով, որ փակ է մնում մինչեւ պաշտոնական գաղտնազերծումը: «Այդ կապակցությամբ, ճիշտ կլիներ հարցը հասցեագրել Ադրբեջանի նախագահին կամ Իսրայելի վարչապետին»,- հավելել է Սատանովսկին:
Միաժամանակ նա նկատել է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ, անշուշտ, գոյություն ունի փոխադարձ հետաքրքրություն անվտանգության հակաահաբեկչական գործունեության ոլորտներում: Երկու երկրների միջեւ բավական ամուր կապեր կան, նաեւ Իսրայելում կա բավական ազդեցիկ ադրբեջանական, իսկ Ադրբեջանում` հրեական համայնք: Հետաքրքրությունը հատուկ նշանակություն է ստանում Իսրայելի եւ Իրանի ոչ բարեկամական հարաբերությունների համատեքստում:
Հաշվի առնելով, որ Թել-Ավիվը դժվար թե կարողանա հույսը դնել Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի, իսկ այժմ էլ Թուրքիայի վրա, իրավիճակը ստիպում է Թել-Ավիվին Բաքվին ավելի լուրջ գործոն համարել:
Ըստ Wikileaks-ի հրապարակման, 2007թ փետրվարի 16-ին, Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էն Դերսին եւ պատմել, որ Իսրայելը եւ Ադրբեջանը 2007 թվականին անվտանգության ոլորտին վերաբերող երկու գաղտնի համաձայնագիր են ստորագրել:
Լենկը պատմել է Իսրայելի ԱԳ նախարար Ցիպի Լիվնիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների մանրամասները` Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:





























