«Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են լուրեր՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի մոտալուտ պաշտոնանկության եւ այդ պաշտոնում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակման մասին։ Խոսակցությունների տարածմանը նպաստում են նաեւ երկրի նախագահի եւ վարչապետի կողմից Կադաստրի համակարգում տեղ գտած բացթողումների եւ չարաշահումների մասին հայտարարությունները։ Մասնավորապես, նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ նորից նման մի հայտարարություն արեց վարչապետ Տ.Սարգսյանը՝ ռիսկային համակարգերի շարքում նշելով նաեւ Կադաստրի պետական կոմիտեն։

Մեր ունեցած տեղեկություններով, կոմիտեի նախագահ Զախարյանը շտապ խորհրդակցության է հրավիրել ապարատի, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին եւ զգուշացրել, որ կտրականապես արգելում է առաջիկա շրջանում համակարգում գումարների ապօրինի շրջանառությունը։ Այն տարածքային ծառայության պետերը, ում ենթակաները կհամարձակվեն ապօրինաբար գումար պահանջել ծառայությունների դիմաց, անհապաղ կհեռացվեն աշխատանքից»,-տեղեկացնում է «Երկիր» օրաթերթը։