Երեւանում ապրիլի 11-ին տեղի ունեցավ հայ-չինական գործարար համաժողովը, որին մասնակցեցին Չինաստանից ժամանած մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես եկավ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ Լի Չանչունը: Նա հիշեցրեց, որ հայ-չինական համագործակցությունը գալիս է դարերի խորքից, որին նպաստել է Մետաքսի ճանապարհը:

Լի Չանչունը հատարարեց, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է նպաստել Հայաստանից ներկրումներին, սակայն հայ գործարարները պետք է ավելի ակտիվ լինեն` մասնակցեն Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին, օգտագործեն այլ պլատֆորմներ, լայնամասշտաբ գովազդային քաղաքականություն վարեն; Չինացի բարձրաստիճան հյուրը նշեց, որ շատ տպավորված է «Արարատ» կոնյակի համտեսումից, թեեւ ընդհանրապես կոնյակ չի խմում: Սակայն զարմանալիորեն հայկական կոնյակը չինական շուկայում գտնել հնարավոր չէ: Նմանապես` Չինաստանում չի վաճառվում հայկական խաղող, թեւ Լի Չանչունն այն համեմատեց չինական նեֆրիտների (թանկարժեք քարի տեսակ) հետ:

Թեեւ հայ-չինական տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին բուռն աճում է, եւ Չինաստանը դարձել է Հայաստանի երկրորդ առեւտրատնտեսական գործընկերը (առեւտրաշրջանառության ծավաը 2 երկրների միջեւ 2010 ո. կազմել է 436 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 40 տոկոսով), սակայն չինացի հյուրը համագործակցության առկա մասշտաբները բավարար չի համարում:

Այն, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության աճի մեծ պոտենցիալ կա` շեշտեց նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա իր ելույթում նշեց հայ-չինական համագործակցության մի քանի գերակա ուղղություններ` լեռնահանքային, քիմիական արդյունաբերություն, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն; «Բաց ենք նաեւ կուլտուրական շփումների համար»,-ավելացրեց Տ. Սարգսյանը:

Նշենք, որ գործարար համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր; Մասնավորապես` ռուսերեն ելույթ ունեցան Հայաստանի վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը, այնինչ չինացի հյուրերը ելույթ էին ունենում չինարեն: Հավանաբար` հայերենից չինարեն կամ հակառակ թարգմանության խնդիր կար։