Facebook սոցիալական ցանցում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մարտի 1-ին  հանդիպելու եւ նրա հետ խոսելու հայտարարությունն ինքնանպատակ չէր եւ բարձրացվել է գլխավորապես ՀԱԿ-ի պաշտոնաթերթերի կողմից։ Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

«Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու իմ հայտարարությունը հենց այնպես, օդից չի արվել։ Նպատակներից մեկն, օրինակ, այն էր, որ մարդկանց  հիշողության մեջ չխամրի դրվագը, որ մարտի 1-ի քննարկումներին ներկա է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը։

Բացի այդ, սոցիալական ցանցում տեղ գտած քննարկման մեջ իմ ասածի ոչ բոլոր հատվածներն են տեղ գտել։ Եթե ոմանք կարծում են, որ ես քաղաքական պատասխանատվության հարցը բարձրացրել եմ միայն ՀԱԿ-ի համար, ապա դա սխալ տեսակետ է, այդ օրվա եւ անգործության համար քաղաքական պատասխանատվություն կրում են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Այդ քննարկման ընթացքում ես խոսել եմ նաեւ քրեական պատասխանատվության մասին՝ նշելով, որ մարտի 1-ի ողբերգության քրեական պատասխանատվությունը կրում է տվյալ շրջանի իշխանությունը՝ ի դեմս նախագահի եւ նաեւ երրորդ նախագահը, ով առ այսօր չի բացահայտել այդ ոճրագործության մեղավորներին»,- նկատեց Սաֆարյանը։

Անդրադառանալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման հերքմանը՝ «Ժառանգության» պատգամավորը նշեց, որ դա բոլորովին էլ հերքում չէր։ «Օրինակ, տեսած կա՞ք, որ ԱՄՆ նախագահի թիկնապահը հերքի, որ ԱՄՆ նախագահն այս կամ այն մարդու հետ խոսել է, կամ ասենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հարսը ասի, որ իր սկեսրայրը այսպիսի բաներ չի խոսել եւ այլն։ Իմ ասածները փորձեցին հերքել մարդիկ, ովքեր հանդիպմանը ներկա չեն եղել։ Օրինակ, Պետրոս Մակեյանը, ով մարտի 1-ի վաղ առավոտյան արդեն ձերբակալված էր, Ժաննա Ալեքսանյանը, ում զանգով մենք գնացել էին առաջին նախագահի տուն եւ ում տուն չթողեցին լրագրողի վկայական չունենալու պատճառով։ Հերքել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով ասել է, որ ինքն այդտեղ չի եղել։ Այնպես որ, բավական տարօրինակ վիճակ է ստեղծվել՝ ի՞նչ են հերքում եւ ինչո՞ւ են հերքում»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցում հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն եւ նրա հետ առանձնազրույցում (ներկա են եղել Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը) հարց ուղղել, թե ի՞նչ փոխանցի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին: Ի պատասխան Տեր-Պետրոսյանն ասել է, որ այնտեղ իր ժողովուրդը չի հավաքված եւ իր շտաբը նման հավաք չի նախաձեռնել: