Երեւանի քաղաքապետարանը մտադիր չէ արգելել Հանրապետության հրապարակի մոտակայքում՝ «Վերնիսաժի» տարածքում գործող առեւտուրը։ Ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ լրագրողներին կոչ անելով հանգստյան օրերին լինել այնտեղ եւ անձամբ համոզվել դրանում:
Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը վարձակալին կոչ է արել կատարել պայմանագրով ստանձնած բարեկարգման, կանաչապատման եւ տարածքի պահպանության պայմանավորվածությունները։ «Մենք հետեւողական ենք լինելու կանաչ տարածքներում առեւտուրն արգելելու հարցում։ Բավական հստակ նշված են այն պարտավորությունները, որոնք պետք է կատարի նշված տարածքի վարձակալը, որովհետեւ երբ գնում ես «Վերնիսաժ», դրա տեսքից վատ ես զգում քեզ»,- ասաց քաղաքապետը։
Նա կրկին շեշտեց, որ «Վերնիսաժը» չի փակվի, քանի որ քաղաքի յուրօրինակ դեմքն է եւ զբոսաշրջիկների ամենասիրված վայրերից մեկը, որտեղ ձեւավորվել է ազգային հուշանվերների տոնավաճառը:
«Սակայն մեզ ձեռնտու չէ, որ մեր մշակույթի հետ ծանոթանան նման պայմաններում»,- ավելացրեց նա:
Նշենք, որ «Վերնիսաժում» բացի ազգային հուշանվերներից վաճառվում են նաեւ գրքեր, հին եւ նոր իրեր, ձեռքի աշխատանքներ՝ սպասք, նկարներ, զարդեր, պայուսակներ, գորգեր եւ այլն:




























