«Ժողովուրդը չի հասկանում այս արձանագրություններից, որովհետեւ դրանք հասանելի ու մատչելի չեն նրան»,- այսօր «Սիվիլիթաս» կազմակերպությունում կազմակերպված քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ու հավելեց. «Որեւէ հղում հասարակական կարծիքին օգուտ չի տալիս, որովհետեւ եթե մարդիկ չգիտեն իրենց տրվող հարցի պատասխանը, այդ պատասխանը կոռեկտ չէ»:
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն էլ ընդգծեց, որ եթե Թուրքիայում 70 տոկոսը կողմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, ապա Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է, որտեղ հասարակության 55-70 տոկոսը դեմ է այդ փաստաթղթերին: Նա կարծիք հայտնեց, որ այն բաց խոսակցությունը, որ այսօր կայանում է հայ եւ թուրք գործիչների միջեւ, միջկառավարական մակարդակով տեղի չի ունենալու, որովհետեւ գործընթացն ուղղորդվում է երկու պետությունների կառավարական վերնախավի կողմից, ինչը պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն էլ ժողովրդավարության անհրաժեշտ մակարդակ չունեն:




























