Ցանկացած քաղաքում կան վայրեր, որտեղ արգելվում է հանրահավաքներ անցկացնել, սակայն դա բոլորովին էլ խոսքի ազատության ոտնահարում չէ: Այդ մասին ապրիլի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, եթե քաղաքապետարանն արգելում է այս կամ այն վայրում, մասնավորապես` Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը, անպայման պատճառաբանում է իր որոշումները: Ընդ որում, քաղաքապետն ընդգծել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հեռու է քաղաքական ուժերի նկատմամբ կանխակալ վերաբերմունքից:
Նրա ներկայացմամբ, քաղաքապետարանին չի կարելի մեղադրել, որ ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելվում են, իսկ, օրինակ, Ժողովրդական կուսակցության հանրահավաքները` թույլատրվում: «Եթե ինչ-որ բան արգելում ենք, դա վերաբերում է բոլորին: Ես համաձայն չեմ, որ դա խոսքի ազատության ոտնահարում է»,- հայտարարել է քաղաքապետը` կոչ անելով քաղաքական պատճառներ չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան:
Նշենք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Երեւանի քաղաքապետարանը շուրջ 3 տարի շարունակ եւ մինչ օրս ի գիտություն չի ընդունել Ազատության հրապարակում հանրահավաքների իրազեկումը:





























