Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ծոթնե Գամսախուրդիան, վիրավորվել է Թբիլիսիի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան։ Գամսախուրդիան հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը ծանր են համարում։ Տեղի ունեցածի այլ մանրամասներ հայտնի չեն։

Դեպքի առթիվ ՆԳՆ-ում գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 19-108 հոդվածով՝ կանխամտածված սպանության փորձ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Գամսախուրդիայի վրա հարձակվել է Դավիթ Բաջելիձեն, որը նախկինում եղել է երկրի առաջին նախագահի որդու հարեւանը։ 2009թ․ Գամսախուրդիան կալանավորվել էր Բաջելիձեին վնասվածք հասցնելու համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Թբիլիսիի քաղաքային դատարանը 2010թ․ սկզբին նրան մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել էր 9 տարվա եւ վեց ամսվա ազատազրկման։ 2011թ․ կալանավայրում Գամսախուրդիային մեղադրել էին բանտի աշխատակցին կաշառելու մեջ եւ դատապարտել էին հինգ տարվա ազատազրկման։

Դրանից հետո Ծոթնե Գամսախուրդիան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը նայել էր նրա հայցը։ Ավելի ուշ Վրաստանի կառավարությունը Գամսախուրդիայի հետ պայմանավորվելու ցանկություն էր հայտնել։ Դատարանը բավարարել էր այդ խնդրանքը, ինչպես նաեւ վճռել էր, որ առաջին նախագահի որդու հանդեպ դատավարությունը կանխակալ է եղել եւ ոչ օբյեկտիվ։

Ստրասբուրգի դատարանի այս որոշումը պատճառ էր հանդիսացել նրա գործի վերանայման համար։ 2012թ․ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրիարք Իլյա Երկրորդի խնդրանքով ներում էր շնորհել Ծոթնե Գամսախուրդիային։

2012թ․ իշխանափոխությունից հետո դատախազությունը կրկին բարձրացրել էր այդ քրեական գործը եւ 2016թ․ դիմել էր դատարան՝ խնդրելով վերանայել Գամսախուրդիայի դատավճիռը։

Նոր հետաքննությունը ցույց էր տվել, որ Գամսախուրդիային «դրդել էին հանցանք կատարել, որպեսզի ցուցադրաբար պատժեին»։ Միաժամանակ, բանտի աշխատակիցը «առաջարկել էր նրան առաքել նամակները եւ դրա դիմաց ընտանիքից պարգեւատրում էր ստացել»։

Հարկ է նշել, որ Ծոթնե Գամսախուրդիան ընդդիմադիր էր Սահակաշվիլիի կառավարությանը, իսկ իշխանափոխությունից հետո բավական կտրուկ քննադատում էր ներկա կառավարությանը ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ծոթնեն եւ նրա եղբայր Կոնստանտինը հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով ավարտին հասցնել իրենց հոր մահվան գործը։ Արդյունքում Վրաստանի խորհրդարանը համաձայնել էր փոփոխություններ կատարել ՔՕ-ում, որոնց շնորհիվ երկրի առաջին նախագահի մահվան հանգամանքների հետաքննությունը երկարաձգել էին հինգ տարով։