Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, կապված ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հեռագրում ասված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետեւանքով մահացել եւ վիրավորվել են անմեղ մարդիկ:

Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթունի հետեւանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել եւ կազմակերպել նրանց բուժումը Երեւանի բուժհաստատություններում:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետեւանքով տուժածներին»:

Հիշեցնենք, որ այդ պայթյունի հետեւանքով տուժել է նաեւ Հայաստանի մեկ քաղաքացի` Սամվել Էրիկի Սահակյանը, ով այժմ Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում է: