2019-ին մենք իրականացրել ենք մի շարք կարեւոր քայլեր, որոնք բերելու են նրան, որ ՀՀ-ն կարողանալու է էներգետիկայի ոլորտում լինել կարեւոր հաբ՝ Իրանի եւ դեպի հյուսիս՝ Վրաստան եւ ԵՏՄ երկրներ, ստեղծել կարեւոր բարձրավոլտ էլեկտրական հանգույց, որի միջոցով մենք կարող ենք դառնալ տարանցիկ երկիր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք որոշում ենք ընդունել, որ դեպի Վրաստան ստեղծվող համակարգը նոր ձեւով իրականացնել. այսնիքն մեզ վարկային միջոցներ տրամադրող գործընկերների (KFW բանկ) հետ ձեռք ենք բերել համաձայնություն, որ երեք լոտով հայտարարելու ենք առանձին մրցույթներ, որը մի քանի անգամ նվազեցնելու է այն գումարի չափը, որ նախկինում էր նախատեսված: Դրանով ժամանակ ենք շահելու, որ կարողանանք կառուցել այն կարեւոր ենթակառուցվածքները, ոը նպաստելու է մեր պետության տնտեսական, էներգետիկ հաբ դառնալուն»,-ընդգծեց Պապիկյանը:

Նա անդրադարձավ նաեւ հայկական ատոմակայանի խնդրին՝ նշելով, որ ռուսական կողմի հետ ձեռք է բերվել համաձայնություն, որը ենթադրում է ատոմակայանի գործունեության երկարացում եւ արդիականացում: