Մենք երբեմն բախվում ենք դեպքերի, երբ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, ներգրավել է հսկայական միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ, որոնց առնչվելիս տեսել ենք, որ դրանց ժամկետն ավարտված է, բայց աշխատանք արված չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք շուրջ 1,5 տարի լծված ենք եղել այդ վարկերը վերախմբավորելուն, արդիականացնելուն: 2020 թվականը լինելու է այն տարին, երբ կյանքի են կոչվելու մի շարք չիրացված ծրագրեր: Դրանցից մեկը Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի իրացման ծրագիրն է: Արդեն մրցույթ է հայտարարվել: Մենք ունենալու ենք այդ երկու մարզերում աղբահանության համար նախատեսված կենտրոններ, որտեղ աղբը կուտակվելու է եւ խոշոր մեքենաներով, որոնք նույնպես ձեռք են բերվելու, տեղափոխվելու է այդ նոր աղբավայր: Այդտեղ աղբը տեսակավորվելու է եւ եթե այն արժեք է ներկայացնում, եկամուտ է ապահովելու ընկերության եւ պետության համար»,-ասաց նախարարը:





























