Ռուսաստանից ներկրված բարձրակարգ գարու սերմնացուն, որը պետք է հատկացվի Հայաստանի առավել չքավոր 200 գյուղերին, որոնց թվում 15-ը Շիրակի մարզում են:
Այդ համայնքները կստանան գարու բարձրակարգ սերմ: Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
Հիշյալ հայտարարությունն հարուցել է Շիրակի մարզի գյուղապետերի զայրույթն ու դժգոհությունը, ովքեր կարծիք են հայտնել, թե Շիրակի մարզում բոլոր գյուղերն էլ չքավոր են:
«2 ամիս շարունակ հայտարարում էին, թե գարի ենք տալու, դեմքով շուռ ենք եկել գյուղ, դա միայն խոսքով չէ, գործով պետք է ապացուցեն»,-ասել է Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավար Ռոլան Նազարեթյանը:
Իսկ Կարմրաքարի համայքապետ Գագիկ Վահրադյանն ասել է, թե ճիշտ չի կազմակերպված գարու բաժանումը: «Մարդկանց խոսք են տալիս, հետո ասում, թե 15 համայնք է աղքատ, նշանակում է մյուսներին խաբել են: Կամ ճիշտ կլինի ասել մեզ են խաբել, դուրս է գալիս`մենք էլ գյուղացիներին»,- ասել է նա:
Շիրակի մարզի 15 աղքատ կամ չքավոր գյուղերի ցանկը որոշել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունը, եւ մինչեւ հրապարակեն այդ գյուղերի անունները, Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնքապետ պնդում է, որ իր համայնքը ներգրավված պետք է լինի այդ ցանկում:





























