Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ քննադատել է հողմային էլեկտրակայանները՝ Ուեսթ Փալմ Բիչում ելույթ ունենալով երիտասարդական համաժողովում։ Դոնալդ Թրամփը հողմային տուրբինները մեղադրել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեջ։ Թրամփի խոսքով՝ հողմաղացների արտադրությունը նպաստում է ջերմոցային գազերի արտանետմանը մթնոլորտ, իսկ հողմային գեներատորները «սպանում են թռչուններին» եւ շատ «աղմկոտ» են, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«Ես շատ լավ գիտեմ հողմաղացները։ Ես դրանք ավելի շատ եմ ուսումնասիրել, քան ուրիշ որեւէ մեկը։ Դրանք շատ թանկ են։ Դրանց արտադրության ժամանակ մթնոլորտում հսկայական ծավալի արտանետումներ են կատարվում։ Դրանք աղմկոտ են։ Եվ սպանում են թռչուններին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ հողմային էլեկտրակայանների կողքին գտնվող անշարժ գույքի գինն ընկնում է, ինչպես նաեւ ընդգծել է կոնստրուկցիաների իբր արագ մաշվելու եւ դրանք ի հաշիվ պետական սուբսիդիաների փոխարինելու անհրաժեշտությունը։

Չնայած Թրամփի որոշ հայտարարություններ զուրկ չեն հիմնավորումից (2013 թվականին Wildlife Society կազմակերպությունը ներկայացրել էր տվյալներ թռչունների պոպուլյացիայի վրա տուրբինների բացասական ազդեցության մասին), շատերը Սպիտակ տան ղեկավարի խոսքն ընկալեցին տարակուսանքով։ The Hill պարբերականը ներկայացնում է վիճակագրություն, որի համաձայն՝ հողմային գեներատորների արտադրությունը բոլորովին նման վնաս չի հասցնում էկոլոգիային, ինչպես կարծում է նախագահ Թրամփը։ Պարբերականը տեղեկացնում է, որ հողմային տուրբինները դրանց արտադրության ժամանակ արտանետված ջերմոցային գազերի արտանետումների ծավալը «ծախսածածկում» են վեց ամսում՝ փոխարինելով էներգիայի արտադրության պակաս էկոլոգիական մեթոդներին։