Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանի աշակերտները կիսամյակային քննությունների ավարտին մեծ տոնակատարությամբ տոնել են Ամանորը, հայտնում է «Բերիոյ լուրերը»։ 

Աշակերտների հետ միջոցառմանը հյուրընկալվել էին Սիրիայի նախագահական պալատի ներկայացուցիչներ, Սիրիայի խորհրդարանի անդամ Նորա Արիսյանը, «Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչներ ու վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ։

Վարժարանի տնօրենը բարի գալուստ է մաղթել հյուրերին և շնորհավորել աշակերտներին այս ուրախալի առիթով՝ մաղթելով բոլորին ուրախ և հաջող տարի։

Այնուհետև Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ-Ասադն է հյուրընկալվել աշակերտներին։ Առաջին տիկինը, դիմելով աշակերտներին, ասել է․ «Ճիշտ է՝ պատերազմը քանդեց վարժարանը, բայց պետությունը վերանորոգեց և կառուցեց քանդվածը, որպեսզի Դուք ուրախ և ապահով շարունակեք ձեր ուսումը այս կրթօջախում»։

Ապա Ասմա ալ-Ասադը շնորհավորել է աշակերտներին, ամանորյա բարեմաղթանքներ փոխանցել ու մասնավորապես հայերենով վանկարկել է՝ «Շնորհավոր, Նոր տարի»։ Առաջին տիկինը նաև ծանոթացել է աշակերտների հետ և լուսանկարվել նրանց հետ։