Իսպանիայի արքայադուստր Քրիստինայի ամուսին Ինյակի Ուրդանգարինը, որը պատիժ է կրում կոռուպցիայի համար, Սուրբ Ծնունդը կնշի ընտանիքի հետ, հաղորդում է ՌԻԱ-ն:
Երեքշաբթի առավոտյան Ուրդանգարինը դուրս է եկել Բրիեվա բանտից եւ մեկնել է ընտանիքի մոտ: Նա բանտ պետք է վերադառնա շաբաթ առավոտյան:
Թագավորի փեսան խնդրել է 7 օր տրամադրել, սակայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ու դատարանն ընդամենը 4 օր են տրամադրել:
Ուրդանգարինի խափանման միջոցը մեղմացել է այն կապակցությամբ, որ նա կրել է պատժի քառորդ մասը եւ վատ վարք չի ցուցաբերել: Նա կարող է տարվա մեջ 36 օր անցկացնել ազատության մեջ, ամեն անգամ առավելագույնը 7 օր:
Ուրդանգարինը 2018 թվականի հունիսին 5 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել անձնական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահման, միջոցների յուրացման, խարդախության, հարկերից խուսափելու մեղադրանքով:
Նա պատիժը կրում է Ավիլա քաղաքից ոչ հեռուս գտնվող Բրիեվա բանտում: Նա ինքն է ընտրել այդ քրեակատարողական հիմնարկը երկրում գործող ավելի քան 80 բանտերից: Դա կանանց բանտ է, ունի 43 540 քառակուսի մետր տարածք, կառուցվել է 1989 թվականին, ունի 162 խցիկ: Ինչպես նաեւ կան խցիկներ տղամարդկանց համար: Ուրդանգարինն այդ խցիկներից մեկում մենակ է:





























