Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշաղջիի հարսնացուն՝ Խաթիջե Ջենգիզը, հայտարարել է, որ անընդունելի է համարում նրա սպանության գործով դատավճիռը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի դատախազությունը տեղեկացրել էր, որ լրագրողի սպանության մեղադրանքով մահապատժի է դատապարտվել հինգ մարդ, եւս երեքը ստացել է ընդհանուր առմամբ 24 տարվա բանտարկություն հանցագործությունը թաքցնելու համար։ Մեղադրանքներ են ներկայացվել 11 կասկածյալների, եւս երեքը նախազգուշացվել են հանցանշանների անբավարարության պատճառով։ Խաշաղջիի որդին ասել է, որ վստահում է սաուդյան արդարադատությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Սաուդյան դատավճիռն անընդունելի է», Թվիթերում գրել է Ջենգիզը։

«Ինչպես երբեք չենք մոռանա քեզ (Խաշաղջի), այնպես էլ չենք մոռանա քեզ սպանողներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր փորձում են թաքցնել քո սպանությունը»,- ավելացրել է նա։

Սաուդցի հայտնի լրագրող Խաշաղջին 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում եւ աշխատում էր Washington Post թերթում։ Նա սպանվել է անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Սկզբում սաուդյան իշխանությունները հերքում էին նրա անհետացումը հյուպատոսարանում, բայց որոշ ժամանակ անց, երբ ի հայտ եկան տեսա- եւ ձայնագրություններ, ստիպված էին խոստովանել, որ Խաշաղջին սպանվել է հյուպատոսարանի աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։ Թուրքական ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել գտնել նրա մարմինը։