Իսպանիայի թագավորը քաղաքացիներին հղած Ծննդյան տոնի ուղերձում ընդունել է, որ Կատալոնիան լուրջ մտահոգություն է հարուցում, միասնության եւ Սահմանդրությունը հարգելու կոչ է արել, որը պաշտպանում է տարածքային ամբողջականությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թվարկելով խնդիրները, որոնք ամենից շատ են մտահոգում երկրի քաղաքացիներին, պետության ղեկավարը նշել է «իշխանության ինստիտուտների հանդեպ շատ քաղաքացիների վստահության անկումը» եւ Կատալոնիան:
Խոսելով դիկտատուրայի անկումից հետո անցած 40 տարում իսպանացիների ձեռքբերումների մասին՝ Ֆելիպե VI-ն առանձնացրել է «համաձայնության... երկխոսության եւ տարբեր գաղափարախոսությունները հարգելու ձգտումը», որն անցյալում «կործանել է անհանդուրժողականության, վիրավորանքի անըմբռնողության պատերը»: Նա առաջին հերթին նշել է «ըմբռնման, տարբերությունների միավորման ձգտումը Սահմանադրությունը հարգելու շրջանակում, որը ճանաչում է մեզ սահմանող տարածքային բազմազանությունը եւ պահպանում է միասնությունը, որը մեզ ուժ է տալիս»:
Նա նաեւ պատգամավորների Կոնգրեսին, որն առաջիկայում պետք է հաստատի վարչապետին, կոչ է արել գործել բոլոր իսպանացիների շահերի շրջանակում: Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Սահմանադրության համաձայն՝ Կոնգրեսը պետք է վարչապետի թեկնածուին վստահություն հայտնի կամ մերժի դա: Ֆելիպե VI-ն այս պաշտոնում առաջադրել է վերջին ընտրություններում հաղթած Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսին: «Ըստ մեր Սահմանադրության՝ Կոնգրեսը պետք է որոշում ընդունի, որը համարում է բոլոր իսպանացիներին ընդհանուր շահերին առավել համապատասխանող»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Իսպանիայի թագավորն իր ուղերձն ավարտել է Ծննդյան տոնի շնորհավորանքով բասկերենով, կատալաներենով եւ գալիսիրենով:





























