Վրաստանի Կանաչների կուսակցության առաջնորդ Գիորգի Գաչեչիլաձեն կառավարությունից պահանջել է բնակչությանը ծանոթացնել ստեղծված ռադիացիոն իրավիճակի հետ եւ ժամանակավոր արգելք մտցնել ճապոնական արտադրանքի վրա:

«Ֆուկուսիմա-1»-ի վթարի հետեւանքով մթնոլորտում հայտնված ռադիոակտիվ իզոտոպներն արդեն հասել են Թուրքիա, իսկ դա նշանակում է, որ Վրաստանը գտնվում է սպառնալիքի տակ»,- ասել է Գաչեչիլաձեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռադիոակտիվ իզոտոպները հասել են Եվրոպա: Գիտնականների տվյալներով, օդում դրանց պարունակությունը վտանգ չի ներկայացնում մարդու օրգանիզմի համար:

Նշենք, որ ապրիլի 8-ին «Հայպետհիդրոմետ» ծառայությունը հայտարարել էր, թե տարերային աղետը Հայաստանի վրա չի ազդել: Ռադիացիայի մակարդակը Հայաստանում գտնվում է նորմայի սահմաններում: