Ասում ենք՝ հեղափոխությունից հետո դուխով ենք, ինչ ուզենք կարող ենք փոխել, ինչ ռեֆորմ ուզենք, կարող ենք անել,  եւ չենք կարողանո՞ւմ ավտոկայանատեղիների ռեկետը կանխել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Դուք շատ լավ գիտեք, որ ընկերությունները ավտոկայանատեղիները դրանք մեզնից վերցնում են շատ էժան գնով, մենք սիրուն քվեարկում ենք, ասում ենք՝ թող մարդկանց տան այդ ավտոկայանատեղիները: Ամեն մեքենայի համար վճարում են 100 հազար դրամ, եւ օրվա ընթացքում այդ ավոտոկայանատեղին 180 անգամ վերավաճառվում է օդում մաֆիայի ռեկետի միջոցով: Դուք չեք իմանում սրա մասի՞ն: Դուք չգիտե՞ք, թե դա որքան եկամուտ է բերում: Մենք դա վերահսկելուն ուղղված ոչինչ չենք ձեռնարկո՞ւմ:

Առաջ ասում էին՝ ՀՀԿ-ի իշխանությունն է, նախկին քաղաքապետն է, իրենք օրթախ գործ են անում, ռեկետ են անում, հիմա ասում եք՝ մենք դրա հետ կապ չունենք: Ինչո՞ւ ենք այդ հանցագործությունները հանդուրժում»,-ասաց ԲՀԿ անդամը:

Նա թվարկեց ավտոկայանատեղիների համար դիմած ընկերությունների անունները՝ նշելով. «Օրինակ, «Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնը 25 մեքենայի տեղ մեզնից ուզում է: Որեւէ մեկդ գնացել տեսե՞լ է, որ այդ 25 մեքենայի տեղում կանգնեցնում է 50-ից ավելի մեքենա, էլ չեմ ասում հարակից փողոցներում, օրական 300-500 դրամ ռեկետ եւ յուրաքանչյուր ավտոկայանատեղի ունի 2-3 փարքինգի լեւի աշխատող: Ոստիկանությունում էլ նրանց հետ փոխկապակացված անձինք կան, ես փաստերը կներկայացնեմ: Եթե այստեղ գերշահույթներ կան, ես առաջարկում եմ՝ մենք շահագործենք, գումարը թող գա համայնքային բյուջե»: