Որպես իրավաբան ապավինում եմ ձեր խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ դիմելով Սահմանադրական դատարանի դատավորներին։

«Սահմանադրական դատարանի հարգելի դատավորներ, սիրելի գործընկերներ։

Այսօր ստորագրվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի ընդունված փոփոխությունը։

Քաղաքական և իրավական գնահատական արդեն ներկայացրել եմ, հետևաբար հատուկ ուզում եմ դիմել ձեզ.

Հավատարիմ մնացեք իրավաբանի բարձր կոչմանն ու առաքելությանը, մասնագիտական նվիրվածությանն ու արժանապատվությանը. արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը, ուղղակի անտեսեք այն՝ կարծես երբեք չի էլ եղել։

Ձեր անունները ոսկե տառերով կգրվի Հայկական իրավագիտության պատմության էջերում և հետագա բոլոր սերունդների համար կդառնան իրավագիտության բարոյականության ու արժանապատվությանը ուղեցույց։

Որպես իրավաբան ապավինում եմ ձեր խորաթափանցությանն ու մասնագիտական բարձր կամային հատկանիշներին՝ հնարավոր և սպասվող բոլոր տեսակ ճնշումներին ընդառաջ։

Կանգնած եմ ձեր կողքին և սեղմում եմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքը»,-նշել է նա։