Այո, Հայաստանում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել: եւ դա պետք է խոստովանել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում այդ ավանդույթից եկած մեր ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս կառույցների ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ: Սա մեր մեջ ասած, ունի շատ կոնկրետ պատճառ: Դա բավարար կրթության, գրագիտության, իրազեկվածության պակասն է: բայց որ այս խնդիրը լուծենք, պետք է խոստովանենք, որ դա կա»,-ասաց վարչապետը:

«Մենք հարցերից չենք փախչելու, առերեսվելու ենք հարցերին: Ոչ մի խնդրից չենք փախչելու եւ այս երեւույթների դեմ եւ հանուն մարդու իրավունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան:

Զինված ուժերի դեպքերի առնչության հարցում պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը եւ առաքելությունը:  Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրգիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը չի լինելու: Մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդությունը, կներեք պարոն Թաթոյան, ստանձնում է ՀՀ կառավարությունը»,-ասաց նա եւ կարեւորեց նաեւ Պաշտպանի, ՀԿ-ների դերն ու աշխատանքը»,-ընդգծեց Փաշինյանը: