Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին չթուլանալու եւ զգոն լինելու կոչ է արել, քանի որ երկրի առջեւ «մարտահրավերներն այսօր շատ են»։

«Մեզ ոչ մի դեպքում թուլանալ չի կարելի։ Սա փորձն էր։ Հիմնական արարը մեզ սպասվում է առջեւում։ Եվ եթե մենք արժանապատիվ անցնենք դա, նշանակում է՝ մենք ինչ-որ բանի ընդունակ ենք»,- ասել է Լուկաշենկոն հինգշաբթի Մինսկում, կադրային հարցեր քննարկելու ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։

Նա նշել է, որ չի ցանկանում ասել, որ «դա մեր կարողությունների ու հնարավորությունների արտակարգ ստուգում է»։ «Ով գիտե՝ ինչպես կդասավորվեն հանգամանքները ապագայում... Մենք երիտասարդ ինքնիշխան պետություն ենք, դրա համար մարտահրավերներն այսօր շատ են։ Եվ թե ինչ է սպասում մեզ առջեւում՝ այսօր ոչ ոք ասել չի կարող։ Ուստի, մենք միշտ պետք է զգոն լինենք, աշխատենք առավելագույն չափով, ինչի կոչն էլ ես ձեզ անում եմ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա խնդրել է ղեկավարներին լրջորեն աշխատել մարդկանց հետ։ Լուկաշենկոն նշել է, որ, իհարկե, երբեմն կան այնպիսիները, ովքեր պետությունից պահանջում են այն, ինչով վերջինն ընդհանրապես չպետք է զբաղվի։ «Բայց դա բնական է։ Ուստի, պետք է ունենալ համբերություն, պետք է գնալ մարդկանց մոտ եւ աշխատել մարդկանց հետ։ Առանց մարդկանց աջակցության մենք չենք լուծի ոչ մի խնդիր ապագայում»,- նշել է նախագահը։

Բելառուսի նախագահը ընդգծել է, որ գլխավոր սպառնալիքը, եթե այն կա, կարող է բխել միայն տնտեսության ոլորտից։ «Իսկ տնտեսությունը կախված է մեզանից՝ ղեկավարներից։ Արդյունավետ կկառավարենք գործընթացները՝ երկիրը չի փլուզվի։ Եվ մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր Բելառուսում։ Ուստի, ես ձեզ խնդրում եմ զբաղվել տնտեսության հարցերով»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը նաեւ երախտագիտության խոսքեր է ասել բոլոր նրանց հասցեին, ովքեր մասնակցել են երկրում վերջին քաղաքական իրադարձություններին, հատկապես Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։ «Ես շատ մեծ ուշադրություն եմ հատկացնում այս փաստին, որովհետեւ դա իշխանության մեր մարմինների, ընդհանուր առմամբ իշխանության ուղղահայացի աշխատանքի արդյունավետության ցուցանիշն է։ Դա մեր աշխատանքի, այն մարդկանց տոկունության ու արիության ցուցանիշն է, ովքեր մասնակցել են այդ ընտրություններին»,- ասել է Բելառուսի նախագահը։

Խորհրդարանի ստորին պալատի (Ներկայացուցիչների պալատի) ընտրությունները հանրապետությունում տեղի են ունեցել նոյեմբերի 17-ին։ Ընտրվել է 110 պատգամավոր 110 տեղամասում, ընդդիմության ներկայացուցիչները այս գումարման խորհրդարան չեն անցել։ ԵԱՀԿ դիտորդները ընտրությունների արդյունքներով հայտարարել են, որ դրանք չեն համապատասխանել դեմոկրատական չափորոշիչներին, ինչպես նաեւ նշել են երկրի սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար ազատությունների խախտումների մասին։