Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութությունը): Այս մասին NEWS.am-ին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը նշեց, որ գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ։
Ավելի վաղ NEWS.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Սամվել Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Միջնորդությունների ներկայացման եւ քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը:




























