Դեկտեմբերի 25-ին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամփոփել է «Երիտասարդների զարգացում 2019» նախագծի արդյունքները: Եռամյա ծրագիրը միտված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի եւ բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով: 2018 թվականին մեկնարկած նախագիծն արդեն ներգրավել է 4700 երիտասարդի Երեւանից եւ մարզերից՝ նպատակ ունենալով մինչեւ 2020-ի ավարտը այդ թիվը հասցնել 8000-ի:
«Այսօր ամփոփում ենք մեր «Երիտասարդների զարգացում» ծրագրի այս տարվա արդյունքները: Հպարտ ենք, որ կրկին կարողացել ենք հասնել տարվա համար սահմանված նպատակին. 2019-ին ավելի քան 2600 մասնակից է ներգրավվել դասընթացներում: Մեզ համար առաջնային է եղել կյանքի եւ բիզնես հմտությունների դասընթացները հասանելի դարձնել հատկապես մարզերում բնակվող երիտասարդներին եւ ուրախ ենք նշել, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 68%-ը շրջաններից է եղել: Կրկին շնորհակալություն ենք հայտնում բոլոր մենթորներին եւ դասընթացավարներին,ովքեր օգնել են մեզ հասնել այս տպավորիչ արդյունքներին՝ իրենց ժամանակն ու փորձը ներդնելով «Երիտասարդների զարգացում» ծրագրում, եւ, իհարկե, մեր գործընկերներին, ովքեր աջակցել են ուսումնական դասընթացների կազմակերպմանն ու իրականացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հասարակական կապերի եւ հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը: Նա հատկապես շեշտել է պրոֆեսիոնալ մենթորների ներգրավվածության կարեւորությունը «Երիտասարդների զարգացում» ծրագրի հաջողության համար:
2018-ին «Երիտասարդների զարգացում» ծրագրին մասնակցել է Երեւանում եւ մարզերում բնակվող ավելի քան 2100 երիտասարդ՝ ձեռք բերելով ինքնազարգացման ու ինքնագնահատման հմտություններ, նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի, բիզնես պլանավորման, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտության հմտություններ: Այս տարի կազմակերպվել է 21 դասընթաց՝ Երեւանից, Շիրակից, Տավուշից, Լոռիից, Կոտայքից, Արմավիրից, Արագածոտնից եւ Սյունիքից ավելի քան 2600 երիտասարդի հնարավորություն տալով զարգացնել կյանքի եւ բիզնես հմտությունները: Ծրագրին միացել է 151 մենթոր եւ դասընթացավար՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով եւ աջակցելով երիտասարդ մասնակիցներին:
«Երիտասարդների զարգացում 2019» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաեւ կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացրել է ծրագրի գործընկեր «Մենեջմենթ Միքս» միջազգային բիզնես խորհրդատվական ընկերությունը, որը տեղակայված է Հայաստանում, Լիբանանում ու Կիպրոսում եւ գործունեություն է ծավալում աշխարհի 25 երկրում:
«Երիտասարդության հզորացումը բերում է կայուն փոփոխություններ ազգի համար: Հայաստանի ավելի քան 2500 երիտասարդ բացահայտեց «Կյանքի հմտություններ» եւ «Բիզնես հմտություններ» դասընթացների գործիքները: Շուրջ 40 դասընթացավար եւ 115 մենթոր կամավոր սկզբունքներով ներգրավվեցին Հայաստանի շուրջ 10 քաղաքներում անցկացված դասընթացներում: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից ղեկավարվող այս ծրագիրը եւ դրա հաստատակամությունը` երիտասարդության զորացմանը, մեծ քայլ է հայ երիտասարդության զարգացման, ինչպես նաեւ հայ ազգի բարգավաճման համար» նշեց «Մենեջմենթ Միքսի» հիմնադիր Ռաֆֆի Սեմերջյանը:
«Երիտասարդների զարգացում 2019» նախագծի ավարտը նշելու եւ արդյունքներն ամփոփելու միջոցառմանը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» եւ «Մենեջմենթ Միքս» ընկերություններին միացել է ավելի քան 60 մենթոր եւ դասընթացավար: Նրանք հնարավորություն ստացան ծանոթանալ «Կոկա-Կոլա երջանկության գործարան» նորաբաց այցելուների կենտրոնին՝ բացահայտելով ընկերության պատմությունը, բիզնես եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը, ինչպես նաեւ շշալցման գործընթացը:
#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր. ավելի քան 2600 մասնակից, 151 մենթոր եւ դասընթացավար, կյանքի եւ բիզնես հմտությունների 20-ից ավելի դասընթաց:





























