Հանրային խորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը միանգամից մի քանի առաջարկով հանդես եկավ, նախ առաջարկեց ՀԽ-ի մասին օրենքի փոփոխության գործընթաց սկսել, ապա անցավ խորհրդի տեղակայման վայրին:

Նա ընդգծեց, որ տարբերակներից մեկը կառավարության շենքում նստելն է. «Կարող ենք առաջարկել տեղափոխվել այլ վայր, համենայնդեպս, ես նշել եմ, որ ՀԽ մշտական հանձնաժողովները պետք է մշտական գտնվելու վայր ունենան: Հանրությունը պետք է իմանա ՀԽ-ի գտնվելու հասցեն»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս հարցը պետք է ՀԽ-ում քննարկվի:

Նա տեղեկացրեց, որ քանի որ իրենց անհրաժեշտ է մեծ դահլիճ ունենալ, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում տրամադրել Մելիք-Ադամյան փողոցի դահլիճը: «Ովքեր հետաքրքրված են տեղի հարցերով, առաջարկում եմ միանալ մեզ, այցելել կառավարություն, տեսնենք, թե ինչ են առաջարկում մեզ, այցելել այդ տարածքներ»,-ասաց նա:

Իր հերթին ՀԽ անդամ Արշակ Սադոյանն ասաց, որ անգամ նախարարություններում նոր նաշանկման դեպքում՝ վարչապետը գնում ներկայացնում է նոր նշանակված անձին. Իսկ Հանրային խորհրդի դեպքում՝ դա տեղի չունեցավ:

«Բնական կլիներ, որ ներկայացման ժամանակ ասվեր, թե ինչ ծրագրեր ունեն: Պարոն Սաֆարյան, ձեր այսօրվա ելույթը դրական տպավորություն թողեց, բայց ես հիշում եմ, որ երկու շաբաթ առաջ երբ ձեզ հարցնում էին, թե ինչպես եք պատկերացնում ՀԽ աշխատանքը, ասում էիք՝ լավ չեմ պատկերացնում: Իհարկե, ողջունելի է, որ հիմա սկսել եք լավ պատկերացնել:

Ես ուզում եմ հիմա հասկանալ, թե ինչ կատարվեց երկու շաբաթում այդքան արագ, որ դուք պատկերացում չունեիք Հանրային խորհրդի աշխատանքների վերաբերյալ, հիմա ուզում եք օրենքի փոփոխություն նախաձեռնել: Հանրային խորհուրդը համախոհների խորհուրդ պետք է լինի, իրար հասկացող, քննարկող մարդկանց խումբ: պարոն Սաֆարյան, իհարկե, ձեզ համար էլ դժվար կլինի մերվել ՀԽ-ի տարիքով մեծ անդամների հետ: Իսկապես մեծ պրոբլեմներ են լինելու ոչ ֆորմալ հարաբերություններում»,-ընդգծեց Սադոյանը:

Սադոյանը նաեւ ընդգծեց, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Հանրային խորհուրդը լինի ռեժիմային հիմնարկում. «Կառավարության շենքում չի կարող լինել Հանրային խորհուրդը»:

Նշենք, որ նախորդ իշխանության ժամանակ առաջարկվում էր ՀԽ-ն տեղափոխել Բաղրամյան 26, սակայն Վազգեն Մանուկյանը դեմ էր ատրահայտվել՝ ասելով, որ դա կարող է ազդել խորհրդի անաչառության վրա: