ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է տարածել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրելու վերաբերյալ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որեւէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված տարբեր դիրքորոշումները եւ որքանո՞վ կայացված որոշումը կնպաստի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծմանը:

Ի պատասխան վերը նշված հարցադրումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները:

Նախագահը խնդրի շուրջ լսել է նաեւ քաղաքական խմբակցությունների, մասնագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տեսակետները՝ նրանց հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում:

Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են Օրենքին առնչվող միջազգային փորձը եւ Օրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը:

Օրենքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներն ու բերված փաստարկները հաճախ ունեն բարոյաքաղաքական եւ զգացմունքային շեշտադրումներ եւ արդյունք են իրավական նորմերի մեկնաբանության ընթացքում տարբեր եւ երբեմն հակասական մոտեցումների, քաղաքական շահերի:

Նախագահը, առաջնորդվելով բացառապես համապետական եւ համազգային շահերով եւ կարեւորելով սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովումը, ստորագրել է Օրենքը՝ գտնելով, որ Օրենքի գործողության ընթացքում սահմանադրական դատարանի անդամները, ինչպես իր եզրակացության մեջ նշել է Վենետիկի հանձնաժողովը «առանց որեւէ անհարկի ճնշման (քաղաքական կամ անձնական)», բացառելով կամավորության սկզբունքից որեւէ շեղում, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով Օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նախագահը կարեւորելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների եւ պետական ինստիտուտների արդյունավետ եւ համագործակցության ոգով գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու մտադրությունը, որի աշխատանքներին կներգրավվի Նախագահի աշխատակազմը: