Աֆղանստանում վերջին տասնամյակում սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թադամիչի Յամամոտոն՝ կոչ անելով դադարեցնել 18-ամյա արյունալի հակամարտությունը, տեղեկացնում է AFP-ը։

«Ես խորին տխրությամբ արձանագրում եմ, որ զոհերը խաղաղ բնակչության շրջանում վերջերս գերազանցել են 100 հազարը միայն վերջին տասը տարում, այն պահից սկսած, երբ ՄԱԿ Աֆղանստանի աջակցության առաքելությունը սկսեց պարբերաբար վարել քաղաքացիական բնակչության զոհերի փաստագրությունը»,- ասել է Թադամիչի Յամամոտոն։

Այս տարի ավելի վաղ ՄԱԿ-ը տեղեկացրել էր, որ աննախադեպ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել Աֆղանստանում այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ 1174 զոհված եւ 3139 վիրավոր։

ՄԱԿ հաշվարկներով՝ վերջին տարին ամենամահաբերն էր ողջ պատմության ընթացքում՝ 3804 զոհ խաղաղ բնակչության շրջանում, ներառյալ 927 երեխա։