«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում գոյություն ունեն ռեալ եւ վիրտուալ կյանքեր, ընդ որում, իշխանությունները ապրել եւ շարունակում են ապրել վիրտուալ կյանքում՝ համարելով, որ երկրում ամեն բան հիանալի է։  Նման տեսակետ նա հայտնեց ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Իշխանությունները, ապրելով վիրտուալ կյանքում, մշտապես մեկ բան են մտածում, այսինքն՝ ինչպես ինտրիգների միջոցով դաշտում ստեղծեն համապատասխան իրավիճակ։ Քննարկվում են հարցեր, որոնք կապ չունեն ռեալ քաղաքականության հետ, օրինակ, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեւեց կամ չբարեւեց Րաֆֆի Հովհաննիսյանին։ Չնայած սրան՝ իշխանության շարքերում էլ կան բավական գրագետ մարդիկ, ովքեր գիտակցում են, որ կյանքի որակը գնալով վատթարանում է, երկրում իրավիճակը փակուղային է դառնում, մարդիկ հեռանում են երկրից, «Առա՛ջ, Հայաստան» ծրագրով դրված որեւէ խնդիր չի լուծվում»,- ասաց նա:

«Երեկ ես կարդում էի մեր հարգարժան վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը։ Նա գրագետ մարդ է, եւ շատ լավ հասկանում է Հայաստանում ստեղծված իրավիճակը, բայց երբ կարդում ես հարցազրույցը, թվում է Հայաստանը Շվեյցարիա է: Տպավորություն է ստեղծվում, թե կյանքը մեր երկրում շատ լավ է, ամեն բան շատ ճիշտ է։ Սակայն այս ամենը բացառապես տերմիններ են»,- ափսոսանք հայտնեց Արամ Կարապետյանը։

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը, ՆԺԿ առաջնորդը նկատեց, որ քանի դեռ բացահայտված եւ ձերբակալված չեն մարտի 1-ի գործով մեղավորները, պարզ չէ, թե ի՞նչ է լինելու օլիգոպոլիաների հետ, երկխոսություն սկսելու մասին չարժե խոսել։ «Սրանք են այն հարցերը, որոնք կարող են երկխոսության առարկա դառնալ, սակայն ընդդիմությունը եւ իշխանությունը մտածում են միայն մեկ հարցի շուրջ՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե` ոչ»,- բացատրեց նա։

Ամփոփելով՝ Կարապետյանը համոզմունք հայտնեց , որ նախընտրական շրջանում Հայաստանում ի դեմս «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ Ժողովրդական կուսակցության երրորդ նախընտրական դաշինք կստեղծվի։