Հայ ազգային կոնգրեսը արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերել իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 13-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ն ու իշխանությունը պայմանավորվել են արտահերթ ընտրությունների շուրջ:
«Ես կտրականապես հերքում եմ, ոչ մի նման բան գոյություն չունի: Ավելին՝ երկրում անհաշտ պայքար է ընթանում մի կողմից բռնապետության, մյուս կողմից՝ ժողովրդի միջեւ»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նա նաեւ անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է անելու ՀԱԿ-ը ապրիլի 28-ին հրավիրված հանրահավաքին, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները: Ընդդիմադիր գործիչը նշեց, որ իրենք չունեն արդեն մշակած քայլեր, սակայն ունեն տարբեր նախագծեր եւ առաջարկներ: «Մենք պետք է տեսնենք ժողովուրդն ինչի է պատրաստ, ինչ է ցանկանում եւ ըստ այդ ցանկության էլ կողմնորոշվենք»,-ընդգծեց ՀԱԿ համակարգողը:
Նա չբացառեց առաջիկայում քաղաքացիական անհնազանդության դրսեւորումները, որոնցից մեկն էլ կարող է լինել ՀԱԿ-ի հանրահավաքների տեղափոխումը Բաղրամյան պողոտա: Ինչպես հայտնի է` այս պողոտայում են գտնվում ՀՀ նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը:





























