ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց վարորդների գնահատման համակարգի ներդրման մանրամասները: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի կողմից արձանագրված խախտումների մասին դրույթները:
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր վարորդի տրվում է 9 բալ, որոնք ներառում են սահմանված ճանապարհային երթեւեկության խախտումների գրեթե քառորդ մասը: Եթե վարորդը մեկ տարում սպառի բոլոր բալերը, ապա նրան կզրկեն վարորդական իրավունքից կես տարով՝ 3 ամիսը լրանալուց հետո տեսական քննություն հանձնելու եւ վարորդական իրավունքը վերականգնելու իրավունքով: Եթե վարորդը չի օգտվում այդ իրավունքից, իրավունքն ավտոմատ կերպով վերականգնվում է վարորդական իրավունքից զրկելուց հետո կես տարի անց: Ապա վարորդին տրվում է եւս 9 բալ: Եթե նա դրանք կրկին սպառում է մեկ տարում, ապա վարորդական իրավունքն այս անգամ վարորդի ձեռքից վերցնում են, եւ վարորդը ստիպված է լինում մեկ տարի անց հանձնել տեսական եւ գործնական քննություններ: Ինչպես նաեւ նախատեսվում է մեկ այլ հնարավորություն, եթե բալերը սպառվում են, ապա կարելի է քննություն հանձնել եւ մի քանի նոր բալ ստանալ:
Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, եւ դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է): Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաեւ փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջը այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա օնլայն գրանցման, ինչպես նաեւ ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, եւ մեքենայի հաշվին կա 3 եւ ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:
Որոշ խախտումների դեպքում նախատեսված է միանշանակ պատժամիջոց մեկ տարով իրավունքի զրկման տեսքով: Նման խախտումների թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը (նախկինում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք), «դեղին համարանիշների» անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը, արագության գերազանցումը 81 եւ ավելի կմ/ժ: Արբած վիճակում տաքսի եւ տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքի զրկում կես տարով: Տաքսիի եւ տրանսպորտի վարորդների կողմից թմրանյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքի զրկում 2 տարով:
Վարորդը 4 բալ է կորցնում 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար (ընդ որում՝ կրկնակի նվազեցվել է թույլատրելիի շեմը): 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման (ընդ որում՝ 5 անգամ կրճատվել է տուգանքի չափը), միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթեւեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար (ընդ որում՝ տուգանքի չափը 4 անգամ նվազեցվել է): Վարորդը 2 բալ է կորցնում համարների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը: Նշենք, որ նման խախտումները լայնորեն տարածված են, դրանց նպատակն է խուսափել սխալ կայանման եւ ՃԵԿ այլ խախտումների համար պատժվելուց: Վարորդը նույնքան բալ է կորցնում պատնեշների՝ սիզամարգերի եւ այլն, բաժանարար գծերի սխալ հատման համար (խոսքը հիմնականում մայրուղիների եւ խճուղիների մասին է), 11-30 կմ/ժ արագության գերազանցման, վթարային իրավիճակ ստեղծելու համար:
Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի եւ հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթեւեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու դեպքում, ընդ որում՝ տուգանքը 7-20 հազար դրամ է կախված այն հանգամանքից՝ խոսքը մարդատա՞ր մեքենայի, թե՞ հասարակական տրանսպորտի վարորդների մասին է, անվտանգության ամրագոտիները չկապելու, հեռախոսով խոսելու դեպքում: Վարորդը կես բալ կորցնում է ոչ ստանդարտ կամ մաշված համարանիշներ օգտագործելու, կանգառների եւ կայանման կանոնների խախտումների համար:
Անձը յուրաքանչյուր դեպքում իրազեկվելու է վարչական տուգանքի մասին եւ ինքնուրույն կարող է հաշվել իր բալերը: Եթե 2 բալի առկայությամբ վարորդը կատարել է 4 բալի խախտում, 2-ը չի փոխանցվում հաջորդ տարի:
«Հուսով ենք, որ բալային համակարգի ներդրումը կմեծացնի վարորդների կարգապահությունը»,- նշեց Արման Չիլինգարյանը:
Ինչ վերաբերում է ոստիկաններին, որոնց ներկայությամբ խախտումը տեղի է ունենում, եւ նրանք դա անտեսում են, ապա ՃՈ պետի տեղակալը հավաստիացրեց, որ հայտնաբերված յուրաքանչյուր դեպքով ծառայողական քննություն է կատարվում, եւ մեղավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Այս իմաստով նոր համակարգը ոչ մի բան չի փոխում:





























