Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ եւս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, եւս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով:

Այս մասին հայտարարվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Գյումրու մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի համատեղ ասուլիսում:

«Այս տարի ինժեներական լաբորատորիաների թիվն աննախադեպ աճել է: Տեխնոլոգիական կրթության զարգացումը նախարարության եւ կառավարության առաջնահերթություններից է. տեխնոլոգիապես զարգացած պետություն կառուցելու համար նման գիտելիքը կարեւոր նախապայման է»,- նշել է նախարարը եւ հավելել, որ ծրագիրը լինելու է շարունակական: Ա. Հարությունյանի խոսքով` 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքի ժամանակաշրջան է, եւ լաբորատորիաներում կրթվելը անհրաժեշտ է ինչպես ծրագրավորողներին ու ինժեներներին, այնպես էլ այլ նախասիրություններ ունեցող  երեխաներին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը բազմափուլ տեխնոլոգիական ծրագրի հենքն է. «Լաբորատորիայի խմբակներում ընդգրկված երեխաները տիրապետում են եռաչափ մոդելավորմանը, ռոբոտաշինությանը եւ գիտեն առնվազն ծրագրավորման մեկ լեզու: Նրանք եւս մեկ քայլ անելով կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետ եւ մտնել աշխատաշուկա: Դրա փորձն ունենք Վանաձորում. «Արմաթ» խմբակ հաճախող բարձր տարիքի աշակերտներն արդեն աշխատում են ՏՏ ընկերությունում, իհարկե, ծնողների իմացությամբ»,- նշել է նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ ՏՏ ընկերությունները մարզային մասնաճյուղեր հիմնեն եւ աշխատուժը մնա տեղերում:

ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու եւ Տավուշի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ ապահովված են «Արմաթ» լաբորատորիաներով: Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում,  Լոռիում եւս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ  Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը (մնացած դպրոցներն ապահովվել էին նախորդ տարիներին):  «Երջանիկ եմ, որ 2016 թ. առիթ եմ ունեցել բացելու Տավուշի մարզի առաջին «Արմաթ» լաբորատորիան, իսկ երեկ բացեցինք վերջինը` ամբողջացնելով մարզային ծրագիրը: Սա մեծ երազանք էր, որն ունեցավ հաջողություն, եւ  հնարավորություն` սիրահարվելու տեխնոլոգիաներին»,- ասել է Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը` կոչ անելով բոլոր երեխաներին ընդգրկվել լաբորատորիաներում:

Լոռու մարզպետի տեղեկացմամբ, հունվարից մարզի բոլոր դպրոցներում կգործեն «Արմաթ» խմբակները, որոնք ամբողջությամբ փոխում են դպրոցի մթնոլորտը. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը  հետագայում խմբակ հաճախող աշակերտների համար կարող է աշխատավայր հանդիսանալ»,- նշել է նա:

Տարվա ընթացքում ինժեներական լաբորատորիաներ են տեղադրվել նաեւ  Արցախի եւ Ջավախքի դպրոցներում:  Հետագայում ինժեներական լաբորատորիաների համալրման ծրագիրը կընդլայնվի: Նման լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 33-ից պակաս է: «Արմաթ» լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար, պարապմունքներն անվճար են, մեկ խմբում կարող է ընդգրկվել մինչեւ 18 երեխա:

Այսպիսով, Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի շուրջ 50% դպրոցներում։