«Հա ինչ, կռվել են 15-16 տարեկան երկու դեռահասներ, ի՞նչ կա դրանում: Այդ միջադեպը ղարաբաղյան հարց սարքեցին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Ռուստամ Գասպարյանը`խոսելով իր զարմիկի մասնակցությամբ վերջերս տեղի ուենցած ծեծկռտուքի մասին:

«Այո, իմ եղբորորդին մասնակցել է ծեծկռտուքին, բայց որեւէ բան չի եղել, ուղղակի երկու տղաներ կռվել են»,- հայտարարել է Գասպարյանը` հավաստիացնելով, որ կռվի ժամանակ զենք չի օգտագործվել:

Հարցին, թե ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել, Գասպարյանը պատասխանել է. «Կռիվ է եղել, գործ են հարուցել»: Գասպարյանը նաեւ ասել է, թե «կռվի ժամանակ ոչ ոք չի տուժել, ուղղակի իրար թեւթեւակի քերծել են»:

Նշենք, սակայն, որ Գասպարյանը մինչ այդ խորհրդարանի միջանցքում իր գործընկերներին հրազենի եւ գազային ատրճանակի կիրառմամբ «ինչ-որ» ծեծկռտուքի մասին էր պատմում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ծեծկռտուքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի վրա գտնվող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, որը պատկանում է Արմավիրի վերընտրված ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորը` Սեդրակին (Արմավիրում նա հայտնի է Աշոտ անվամբ): Ժամը 17-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ է բերվել գլխի սալջարդ ստացած 1980 թվականին ծնված Կամո Խլղաթյանը, ով, ըստ արմավիրցիների, «Լեգենդա» ՍՊԸ-ի համասեփականատերն է:  Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խմբին նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանությունը պարզել է, սակայն, որ իրականում Խլղաթյանը վնասվածքը ստացել է «Լեգենդա» -ի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-քննչական  աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ-ական  պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր որդու` 1994 թվականին ծնված Էմանուել Գասպարյանի եւ 1977 թվականին ծնված Գոռ Խլղաթյանի միջեւ`ճանապարհը չզիջելու հետեւանքով: Գոռ Խլղաթյանը հարվածել է Էմանուել Գասպարյանին, ինչին հետեւել է քաշքշուկը:

Միմյանից բաժանվելուց հետո Է.Գասպարյանը նշված միջադեպի մասին տեղեկացրել է իր հարազատներին, որոնք էլ որոշ ժամանակ անց եկել են «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, քանի որ վստահ էին, որ Խլղաթյանի ազգականներին կհանդիպեն այդ վայրում: Այդտեղ էլ  երեքից հինգ րոպե տեւողությամբ վեճ  է տեղի ունեցել, որի մասնակիցները դիմել են նաեւ բռունցքների օգնությանը: Ծեծկռտուքին մասնակցել է նաեւ Արմավիրի քաղաքապետի եղբոր մյուս որդին` Կամոն, որն էլ ստացել է գլխի սալջարդ: (Նա հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել):

Արմավիրցիները պատմել են, որ վեճի մասնակիցներից մեկը գազային ատրճանակից օդ է կրակել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը):

Հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել են նաեւ Էմանուել Գասպարյանի ընկերը`ոմն Սուրեն` 1984 թվականին, ինչպես նաեւ նրա քրոջ որդիները` 1983 թվկանին ծնված  Գագիկը եւ 1984 թվականին ծնված Աշոտը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ ապրիլի 9-ին բերման է ենթարկվել ծեծկռտուքի մասնակիցներից Արտակ Պապոյանը: Պարզվել է նաեւ գազային ատրճանակից կրակողի ինքնությունը, նա Սուրեն Սուքիասյանն է, ով երկու կրակոց է արձակել իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով: