2020 թ-ին Հայաստանում սպասվում է ծայրահեղություններով լի, թե վատ, թե լավ իրադարձություններով հագեցած տարի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց աստղաբան Լուսյա Հակոբյանը, որն անդրադարձավ նաեւ գալիք տարվա նաեւ քաղաքական եւ սոցիալական սպասվելիք իրադարձություններին:
«2020-ն, առհասարակ, համարվում է քաղաքական տարի՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միանգամից շեշտեմ շատերին հուզող հարցի պատասխանը՝ մեր երկրում պատերազմ չի լինելու, երկրաշարժ էլ չի լինելու, բայց որոշ տեղերում կլինեն երկրաշարժեր՝ հատկապես մեր թշնամի երկրներում: Ամեն տեղ, այդ թվում՝ Հայաստանում, ինքնահոշոտման տարի է լինելու: Աշխարհի շատ երկրներում արյունահեղություններ եւ հեղափոխություններ կլինեն»,-նշեց նա:
Աստղաբանի խոսքով, տարին թաքուն գործողություններ չի սիրում. «Որքան կեղծ ու թաքուն եղան դրանք, այնքան պատիժը դաժան կլինի: 2020-ը կպարգեւատրի արդար աշխատողներին, իսկ, եթե լինեն փորձություններ, պետք է դրանք ժպիտով անցկացնել»:
Ըստ աստղաբանի՝ որոշակի նշանակալից փոփոխություններ կնկատվեն գարնանը.
«Գարնանից կսկսվեն որոշ որակյալ փոփոխություններ. սա արդեն քաղաքականությանն է վերաբերում: Այն, ինչ կատարվի գարնանը, դրա արդյունքը միանգամից կերեւա: Տիեզերքի կողմից այն մարդիկ կպարգեւատրվեն, որոնք արժանի են մնալու իրենց տեղում, իսկ որոնք ինքնակոչ են, դուրս են գալու: Այն մարդիկ, որոնք ղեկավարության մեջ են հիմա, որոնք իրենց դրել են լիդերի տեղ, դուրս կգան»:
Հարցին, թե արդյոք նոր իշխանափոխության միտում տեսնում է, աստղաբանը պատասխանեց. «Այժմ գործող իշխանության համար լավ շրջան չեմ տեսնում, որովհետեւ կողքի կանգնած մարդիկ դավաճան են լինելու, արդեն կան: Միշտ եմ կրկնել, չեմ թաքցնում, սխալ կադրերի ընտրություն է արվել՝ դա միանշանակ է: Եթե կադրերը սխալ չլինեին եւ բոլորը միասին աշխատեն եւ խորհրդատուները ճիշտ լինեն, մեր երկիրը կծաղկի, որովհետեւ Երկվորյակը, որի շրջանում մեր վարչապետն ընտրվեց, օդի նշան է եւ ինֆորմացիա է իրենից ներկայացնում: Նա եկավ, գործիք համարվեց մեր ու տիեզերքի միջեւ՝ մեր ժողովրդի շնչելու համար: Հիմա՝ ինչ արվեց, արվեց, իր ծրագիրը վերջացել է, կապը կտրել է մեր անցյալի հետ, որը վատ է համարվում: Ես այդքան մարդկանց հետ եմ շփվում, արդեն 40 տարուց ավել է, ինչ աշխատում եմ, մարդիկ խնդիրներից ելնելով են ինձ մոտ գալիս, չեն գալիս սուրճ խմելու: Այ, հենց այդ կապը կտրվեց, որը հիմա պետք է բացահայտվի, եւ պատիժ լինի, որ մարդիկ խաղաղ ապրեն, ոչ թե քարկոծեն, թե բան չփոխվեց: Սուրճը, որ եփում ես, միանգամից չի պատրաստվում, ժամանակ է պետք»,-իր խոսքում նշեց նա:


























