Հայ ազգային կոնգրեսը մտադիր է իշխանությունների հետ խաղաղ բանակցություների միջոցով հասնել իր առջեւ դրված նպատակների իրագործմանը, սակայն չի բացառում նաեւ պատերազմի տարբերակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 13-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա մեջբերեց հին հռոմեացիների ասացվածքը, թե` եթե ցանականում ես հասնել խաղաղության, ապա պատրաստվիր պատերազմի: «Եթե այդ պատերազմում մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ուրեմն մենք պետք է պատրաստվենք պատերազմի և պատրաստվելու ենք»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը:
Նա նաեւ անդրադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող քննադատություններին, թե նա գործարքի է գնացել իշխանությունների հետ:
«Վաղուց ժամանակն է հասկանալու համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժառիթները մի քիչ ավելի բարձր են, քան քաղաքական վերնախավի շարժառիթները: Տեր-Պետրոսյանը պայքարել է սովետական բռնաճնշումների եւ տանկերի դեմ: Նա նորից դուրս եկավ պայքարի, մի բան, որն իրեն անձնապես բացարձակապես պետք չէր, քանի որ տեսավ, որ երկիրը թաղվել է ավազակապետության մեջ»,-հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, որ ՀՀ առաջին նախագահը հետեւողականորեն տանում է այդ պայքարը եւ այն հասցնելու է տրամաբանական վախճանին: Այդ վախճանը ՀԱԿ-ի համար կլինի այն, երբ երկրում ձեւավորվեն լիարժեք լեգիտիմ իշխանություններ:





























