Հնում Նոր տարին եղել է պասի շրջան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Կարինե Բազեյանը՝ խոսելով ներկայում և նախկինում Նոր տարին նշելու ընդհանրությունների և տարբերությունների մասին։
«Հնում և ներկայում Նոր տարին նշելու ընդհանրությունները շատ են։ Նախկինում էլ նախ տան մեծերին էին շնորհավորում, տուն էին մաքրում՝ փորձելով անցած տարվա ամբողջ կեղտն ու փոշին մաքրել»,-նշեց նա։
Բազեյանի խոսքով՝ ի տարբերություն ներկայի՝ նախկինում ամանորյա սեղանին մսեղեն չի եղել․ «Հիմնական տարբերությունները կերակրատեսակներն են, քանի որ ավանդական Նոր տարին պասուց շրջան էր, Ամանորին նախորդում էր պասը, այդ պատճառով սեղանին մսեղեն չկար, գերազանցապես բուսական և ընդեղենային կերակրատեսակներ էին»։
Ազգագրագետը նաև հավելում է՝ Նոր տարվա ընկալման մասով էական տարբերություններ չկան․ «Պարզապես ժամանակները փոխվում են, այն ժամանակ որոշակի արարողություններ էին անում, գուշակություններ էին անում՝ սկսած թխվածքներից վերջացրած կենցաղային իրերի միջոցով փորձում էին գուշակել, թե գալիք տարին ինչպիսին է լինելու, հիմա այլ է։ Նոր տարին, ինչպես նախկինում ընտանեկան տոն էր։ Փոքր գյուղական համայնքներում, որտեղ բոլորն իրար ազգակական և բարեկամ էին, Նոր տարին ստացվում էր նաև համայնական տոն»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ դուրս գալ և Հանրապետության հրապարակում նշել Նոր տարին, ազգագրագետն ասաց․ «Կյանքն առաջ է գնում, մշակույթն էլ է փոխվում, վարչապետն ուզում է փոխել այն մշակույթը, որ ժողովուրդը ավանդաբար մեծ ծախսեր է անում, ծախսում է վերջին լուման հյուրասիրության համար»։





























