Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության մրցակցությունը եւ հակասությունները ձեռնտու են միայն իշխանություններին, որոնք շահում են ստեղծված իրավիճակում։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Մարկարովը նաեւ նշեց, որ դատելով իրականությունից՝ ՀԱԿ-ն ավելի շատ հաղթելու հնարավորություններ ունի, քան «Ժառանգությունը»։ «Ժառանգությունն» իր հերթին կջանա պահպանել խորհրդարանում ունեցած իր տեղերը։
Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են ՀԱԿ-ի եւ իշխանությունների բանակցությունները բերել նրան, որ մի հատված երես թեքի Լեւոն Տեր-Պետրոսյանից, Մարկարովն ասաց. «Այդ բանակցությունները Կոնգրեսի ռազմավարության կտրուկ փոփոխություններ են։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտակցում է, որ երկրի ներսում ցանկացած լարվածություն կարող է բերել արտաքին քաղաքականության անցանկալի հետեւանքների։ Չի բացառվում, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը շրջվի նրանից կամ ընկնի ապատիայի մեջ կամ էլ փորձի այլ ընդդիմադիր ուժ գտնել, որը կարտահայտի իր դիրքորոշումները»։





























