Դեկտեմբերի 28-ից ավտոմաքսատանն եմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գյումրիի ավտոմաքսատանը հերթի մեջ գտնվող վարորդներից մեկը:
«Բոլոր տեղերում օտարազգիներ են, գալիս ձեւակերպում են, հայերը մնում են: Գոնե վաղը հայերինը անեն, սենց ո՞նց է լինելու, էս ժողովուրդը մեղք են, համ դրսի ժողովուրդն է մեղք, համ ներսի»,-ասաց նա:
Մեկ այլ վարորդ էլ նշեց. «Շատ խառը իրավիճակ է, մարդիկ կան օրերով հերթ են պահում, հերթի համար վիճում են: Շատ դանդաղ է գնում աշխատանքը, ներսի մարդիկ հոգնած են: Ես եկել եմ երեկ երեկոյան, դեռ էստեղ ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն ավարտել է մաքսազերծումը, ընդհանուր առմամբ գոհ է սպասարկումից, բարեհամբույր են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բազմաթիվ վարորդներ բողոքում են, որ Գյումրիի ավտոմաքսատանը մի քանի կիլոմետր երկարության հերթեր են գոյացել: Նրանք մտավախություն ունեն, որ չեն հասցնի մինչեւ Ամանոր մաքսազերծել իրենց ավտոմեքենաները եւ իրենց նկատմամբ կկիրառվի 2020 թվականից ուժի մեջ մտնող մաքսային արժեքները:


























