Մինսկի մետրոյում ահաբեկչության գործով ձերբակալվել է երեք մարդ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Անատոլի Կուլեշովը նշելով, որ երեքն էլ խոստովանել են իրենց մեղքը, երեքն էլ ազգությամբ բելառուս են։
Կուլեշովը նաեւ տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները բավարար չափով ապացույցների են տիրապետում, նրանց մեղքն ապացուցելու համար։ «Ձերբակալվածներից մեկի կապակցությամբ տեղեկություն կա, որ նա 2005թ. եւ 2008թ. Վիտեբսկում տեղի ունեցած պայթյունների մասնակից է»,- ասել է ՆԳ նախարարը։
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վադիմ Զայցեւը հայտնել է, որ ահաբեկիչները պայթյունն իրականացնելու համար օգտագործել են հատուկ ծառայություններին անհայտ պայթուցիկ։
Հիշեցնենք, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանում ապրիլի 11-ին ահաբեկչական գործողություն էր իրականացվել։ Պայթյունի հետեւանքով մահացել է 12 մարդ, մոտ 200-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ մեկ Հայաստանի քաղաքացի։
Ապրիլի 13-ը Բելառուսում սգո օր է հայտարարված։





























