Հադրութի շրջանի Կարմրակուճ համայնքում հունվարի 7-ին նշվել է գյուղի ամենատարեց բնակչուհի Հրաչիկ Ալավերդիի Օհանյանի (Գրիգորյան) 100-ամյակը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հրաչիկ տատիկը ծնվել է 1920 թվականի հունվարի 7-ին, Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Նա մեկ ամսական էր, երբ մահացավ հայրը, իսկ 16 տարեկանում՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ էլ զոհվեց եղբայրը: Հրաչիկ տատիկը 17 տարեկանում ամուսնացել է Համո պապիկի հետ եւ տեղափոխվել է Կարմրակուճ, որտեղ ապրում է մինչեւ այսօր: Համո եւ Հրաչիկ Օհանյաններն ունեցել են 5 երեխա՝ 4 աղջիկ եւ 1 տղա: Դուստրերից Զինան՝ ամուսնու հետ ավտովթարի զոհ է դարձել: Արցախյան գոյամարտում զոհվել է դստեր՝ Նինայի որդին՝ Արայիկը: Հրաչիկ տատիկը ներսում պահել, կուլ է տվել ճակատագրի դառնությունները՝ չդադարելով աշխատել, ամեն անգամ կրկնել է. «Մեռնեմ Աստծո զորությանը»:
Այսօր Հրաչիկ տատիկն ունի 14 թոռ, 31 ծոռ եւ 14 կոռ: Նա ապրում է տղայի ՝ Համլետի ընտանիքի հետ, սակայն ժամանակակից միջոցները թույլ են տալիս, որ մշտական կապի մեջ լինի Հադրութից դուրս ապրող իր շառավիղների հետ: Զարմանալիորեն հիշում է նրանց անունները, թվարկում, չի ուզում լսել պատերազմի մասին եւ ուզում է, որ ինչպես իր բալեքը, այնպես եւ Արցախի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ:
Կրտսեր դուստրը՝ Կիման էլ մասնավորապես ասել է. «Մեր մեջ այնքան ամուր է մայրիկիս տված դաստիարակության արմատը, որ թեկուզ 70 տարեկան եմ, բայց մինչեւ հիմա լսում եմ մորս խորհուրդները: Հայրս մահացել է 96 տարեկանում: Իմ կարծիքով նրանց երկարակեցության գաղտնիքն անդադրում աշխատանքն է, հյուրընկալ օջախ ունենալն ու հավատն առ Աստված»:
Հադրութի շրջանի բնակիչները ջերմորեն շնորհավորում են Հրաչիկ տատիկի ծննդյան 100-ամյակը եւ մաղում, որ Օհանյան ընտանիքի ճյուղերը տարածվեն ու միայն լույս սփռեն իրենց շուրջը:
.jpg)
.jpg)



























