ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին Իրանի հրթիռային հարվածները, հայտնում է Reuters-ը։
Ջոնսոնի մամուլի քարտուղարի խոսքերով՝ բրիտանացի վարչապետը Թրամփին կոչ է արել անհապաղ մեղմացնել իրավիճակի լարվածությունը՝ հետագա կոնֆլիկտից խուսափելու համար։ Զրուցակիցները պայմանավորվել են պարբերաբար միմյանց հետ կապ հաստատել։
Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հարվածների հետեւանքով ոչ մի ամերիկյան զինվոր չի տուժել ու խոստացել էր լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ։




























