Գործող կառավարությունը հայտարարությունների եւ խոսքի կառավարություն է, որի եւ ոչ մի խոստում եւ ծրագիր այդպես էլ իրականութուն չի դառնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 14-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ ներկայիս կառավարության անցած 3 տարիների գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ չկա մի ճյուղ, որտեղ առաջընթաց, աճ արձանագրված լինի:

Տնտեսական զարգացման բոլոր ցուցանիշները, տնտեսագետի խոսքով, անկում են ապրել, ինչի մասին են վկայում նաեւ միջազգային կազմակերպությունների վերլուծություններն ու գնահատականները: Ըստ ՀԱԿ ներկայացուցչի`Հայաստանի տնտեսության աճի գլխավոր թշնամին տնտեսական օլիգարխիկ-կառումպացված էությունն է:

«Գործում է մի համակարգ, որտեղ ամեն ինչ`գները, խաղի կանոնները որոշում է Սերժ Սարգսյանը»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա ընդգծեց, որ շատ է խոսվում Սփյուռքի պոտենցիալը  Հայաստանի տնտեսության զարգացման հարցում օգտագործելու մասին, նրանց առաջարկելով ներդրումներ կատարել հայրենիքում: Սակայն ներդրումնային քաղաքականության հաջողության գլխավոր գրավականն, ըստ ընդդիմադիր գործչի, ազատ տնտեսական դաշտի առկայությունն է, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելը, մինչդեռ Հայաստանում գործում է բոլորովին այլ ավանդույթ`«տանիքներ ունենալու» ինստիտուտը:

«Տանիք ասվածն այնքան բարձր է, որ հասնում է մինչեւ երկրի նախագահ: Եւ եթե չունես այդ տանիքը, ուրեմն ավելորդ է ներդրումներ կատարելու մասին մտածել»,-նկատեց  տնտեսագետը` հավելելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ներդրումների տոկոսը կտրուկ` 35 տոկոսով նվազել է: Նման ցուցանիշի պատճառն, ըստ Խաչատրյանի, Հայաստանի տնտեսական անմխիթար ցուցանիշներն են, որոնց ծանոթանալով պոտենցիալ ներդրողների մոտ անհետանում է Հայաստանում ներդրում կատարելու ցանկությունը: