ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ մեծ բացեր կան հետախուզական տեղեկություններում, թե Իրանը ծրագրում էր ամերիկացիների վրա հարձակումներ, ինչը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության արդարացումն էր դարձել:

«Ոչ մի կասկած չկա, որ Սոլեյմանին նախապատրաստում էր անխուսափելի հարձակումների շարք»,- ասել է Պոմպեոն Fox News-ի հետ հարցազրույցում: «Մենք ստույգ չգիտենք որտեղ եւ երբ, բայց դա իրական էր»,- հավաստիացրել է նա:

Ընդ որում՝ նա պնդել է, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք «հնարավոր ամեն ինչ արել բոլոր փաստերը ներկայացնելու համար, որոնք կարող էինք այդ իրադրությունում տրամադրել»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով սպանվել էր իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նախագահ Դոնալդ Թրամփը, որը տվել էր Սոլեյմանիի սպանության հրամանը, հայտարարել էր, որ նա տարածաշրջանում ամերիկացիների սպանություններ էր նախապատրաստում, ընդհուպ ամերիկյան դեսապանատների պայթեցումներ: Ի պատասխան Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում 2 օբյեկտների, որոնք օգտագործում են ամերիկացի զինվորականները:

Դրանից հետո Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն անմիջապես կխստացնի Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: