Ցանկացած բռնապետության ավարտը լինում է այն, ինչ տեղի ունեցավ աֆրիկյան երկրներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 14-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա որպես օրինակ մատնանշեց Եգիպտոսի օրինակը եւ հավելեց, որ նույնիսկ այդ երկրի նախկին նախագահ Մուբարաքի պես ամուր թվացող բռնակալը հրաժարական տվեց, թեեւ վայելում էր ԱՄՆ-ի պես գերտերության աջակցությունը: «Սա ցույց է տալիս, որ բռնապետությունները, ինչ ուժեր էլ որ նրան կողքին կանգնած լինեն, չեն կարող դիմակայել ժողովրդի ընդվզմանը»,-նկատեց Խաչատրյանը: Ըստ նրա`իշխանության տնտեսական քաղաքականությունը ձախողվել է, քանի որ իշխանությունները լեգիտիմ չեն:
«Կառավարությունը, մաքսիմալ օգտագործելով գործող տնտեսական համակարգը, մսխել է բոլոր այն հնարավորությունները, որոնք Հայաստանի տնտեսությանը եւ ժողովրդին կյանքի բարելավման հնարավորություններ կտային»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիցչը: Նա նաեւ հավելեց, որ երբ Տիգրան Սարգսյանը փորձում է գնահատականներ հնչեցնել տնտեսության եւ գործող կառավարության որակների վերաբերյալ, առաջին հերթին պետք է հիշի իր ամենահայտնի գործարքը Կենտրոնական բանկի նախագահ եղած ժամանակ` ԿԲ կողմից ոսկու պահուստների վաճառքը:
«Աշխարհում չկա երեւի երկրորդ երկիր, որ իրեն թույլ տա վաճառել ոսկու պաշարները, թեկուզ այդ ոսկին մեկ տոննա լինի»,- հայտարարեց Խաչատրյանը: Նա նշեց, որ իշխանությունները փոխանակ իրապես լծվեն երկիրը ծանր-սոցիալական վիճակից դուրս բերելուն, իրականացնեն տնտեսական առողջացման ռեալ ծրագրեր, զբաղված են ընդդիմության ներսում ինտրիգներ հրահրելով եւ պրոբլեմներ ստեղծելով: Նրա խոսքով` գործող կառավարության գործունեության շարունակությունը թեկուզ մեկ օրով միայն խորացնելու է երկրում առկա ճգնաժամը, քանի որ տնտեսական ոլորտում առկա վիճակը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Ուստի`իշխանությունը որքան հնարավոր է շուտ պետք է հրաժարական տա:





























